Սահակ-Սերվիս ընկերությունը տեղեկացվեց, որ «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցական ընկերությունը 2012 թ.-ի հունվարի 12-ից ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող իր բաժանորդներին կառաջարկի ամրակցված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային փաթեթներ:
Այլընտրանքային սակագնային պլանները հաստատվել են չորեքշաբթի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ:
Ինչպես տեղեկացրեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար ներկայացված է երկու, իրավաբանական անձանց համար՝ մեկ այլընտրանքային սակագնայի փաթեթ:
Փաթեթները ներառում են ամսական բաժանորդավճար, տեղական և միջքաղաքային զանգերի, ինչպես նաև բջջային ցանցում զանգեր կատարելու ծառայություններ:
Բաղրամյանի խոսքերով՝ առաջարկվում է կրճատել միջքաղաքային և բջջային զանգերի սակագները, որոնք կփոխհատուցվեն անվճար րոպեների կրճատմամբ կամ բաժանորդավճարի բարձրացմամբ: Տեղական զանգերի մասով նախատեսված է ինչպես նվազում, այնպես էլ բարձրացում:
«Առաջարկվող այլընտրանքային փաթեթներն ընդլայնում են գործող սակագնային փաթեթների տեսականին և կարող են կիրառվել միայն բաժանորդի ցանկությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա», – ասաց Բաղրամյանը:
Նա նշեց, որ այլընտրանքային փաթեթները հիմնականում նախատեսված են ավելի շատ միջքաղաքային և բջջային զանգեր կատարող բաժանորդների համար:
«Մեր գնահատականների համաձայն՝ այս փաթեթը կնախընտրեն միջքաղաքային կապից օգտվող շրջանների բնակիչները», – ասաց վարչության պետը:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հերթին նշեց, որ նոր այլընտրանքային սակագնային պլանների ներդրումը նոր հնարավորություններ է ստեղծում մարզի բնակիչների համար:
«Միևնույն մարզի երկու հարևան համայնքների բնակիչները խոսում են միմյանց հետ 20 դրամ/րոպե սակագնով, իսկ այժմ այդ գումարը կնվազի՝ դառնալով 7 դրամ: Այս սակագինն ավելի ձեռնտու է նաև մարզերի այն բնակիչների համար, ովքեր հեռախոսով կապվում են Երևանում սովորող իրենց ուսանող երեխաների հետ», – ասաց Նազարյանը:
Նրա խոսքերով՝ ամեն դեպքում այլընտրանքային տարբերակների առաջարկը միշտ դրական երևույթ է, և բաժանորդն ինքն է ընտրում իր սակագինը:
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերով՝ ամրակցված կապի շուկա նոր օպերատորների մուտք գործելու հետ կապված գոյություն ունեցող իրողությունները փոխեցին մրցակցային իրավիճակը: «Այդ պատճառով «ԱրմենՏելի» կողմից տրամադրվող ծառայությունները պետք է համապատասխանեն շուկայական որոշակի իրողություններին», – ասաց Կլիմկոն:
Նա նշեց, որ այս ամենի կապակցությամբ ընկերությունը որոշակի ջանքեր է գործադրել, և ՀԾԿՀ-ի հետ իրականացրած բավականին երկարատև աշխատանքի արդյունքում «ԱրմենՏելը» հանդես է եկել նոր սակագների ներդրման, այլ ոչ թե դրանց փոփոխության մասին առաջարկով:
«Այս սակագներն, իսկապես, կհամապատասխանեն բնակչության պահանջներին և առաջին հերթին կուղղվեն ամրակցված կապի ծառայություններից օգտվելու ավելացմանը հիմնականում Հայաստանի տարբեր մարզերում», – ասաց Կլիմկոն:
Նա նշեց, որ հաջոդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում ընկերությունը կկարողանա տեսնել, թե ինչպես է փոխվում բաժանորդների կողմից ամրակցված կապի օգտագործումը, ինչը թույլ կտա որոշակի եզրահանգումների գալ: «Հնարավոր է՝ որոշակի ուղղումներ պահանջվեն հաջորդ տարվա առաջին կիսամյակի վերլուծության արդյունքում», – նշեց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը:
Ֆիզիկական անձանց համար նախատեսված առաջին այլընտրանքային սակագնային պլանը նախատեսում է 1100 դրամի ամենամսյա վճար՝ ներցանցային զանգերի (այդ թվում նաև ինտերնետին միանալու համար կատարվող զանգերը) 260 անվճար րոպեներով: Միջազգային զանգերը կարժենան 10 դրամ/րոպե (ներկայիս 20-ի փոխարեն), իսկ բջջային օպերատորների ցանցերին կատարված զանգերը՝ 36 դրամ (ցերեկային 70 դրամ և գիշերային 49 դրամի սակագնի փոխարեն):
Այլընտրանքային երկրորդ սակագնի դեպքում ամսավճարը կազմում է 4 հազար դրամ՝ ներքին և միջքաղաքային ներցանցային զանգերի (այդ թվում նաև ինտերնետին միանալու համար կատարվող զանգերը) 600 անվճար րոպեներով: Միջքաղաքային զանգը կարժենա 7 դրամ, իսկ բջջային զանգերը՝ 36 դրամ:
Իրավաբանական անձանց համար նախատեսված այլընտրանքային պլանը նախատեսում է 4800 դրամի ամսավճար՝ տեղական ներցանցային զանգերի (այդ թվում նաև ինտերնետին միանալու համար կատարվող զանգերը) 360 րոպեներով: Միջքաղաքային զանգերը կարժենան 15 դրամ, իսկ բջջային զանգերը՝ 36 դրամ: (1 դոլարը 376,19 դրամ է):